Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Վալերիու և Նիկոլայ Ռոշաներն ընդդեմ Մոլոդվայի գործով
(գանգատ թիվ 41704/02)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Հոկտեմբերի 20, 2009թ.
Ուժի մեջ է մտել
20/01/2010
Այս վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով: Այն ենթակա է խմբագրական փոփոխությունների:
Վալերիու և Նիկոլայ Ռոշաներն ընդդեմ Մոլդովայի գործով վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք)` գործելով որպես Պալատ, հետևյալ կազմով` Նիկոլաս Բրատցա` նախագահ, Լեչ Գարլիցկի, Ջիովաննի Բոնելլո, Լյիլյանա Միջովիկ, Դեյվիդ Դոր Բյոգվինսոն, Լեդի Բիանկու, Միհաի Պոալելունգի` դատավորներ, և Լորենս Էռլի` Բաժանմունքի քարտուղար, 2009թ. սեպտեմբերի 29-ին անցկացված փակ նիստում կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
Գործի ընթացակարգը
- Գործն սկսվել է 2002թ. նոյեմբերի 6-ին և 28-ին` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (<<Կոնվենցիա>>) 34-րդ հոդվածի հիման վրա` Մոլդովայի երկու քաղաքացիների` պրն Վալերիու Ռոշայի և պրն Նիկոլայ Ռոշայի (<<դիմողներ>>) կողմից ընդդեմ Մոլդովայի բերված թիվ 41704/02 գանգատի կապակցությամբ:
- Դիմողներին ներկայացնում էր Քիշնևում գտնվող <<Փաստաբաններ մարդու իրավունքների համար>> հասարակական կազմակերպությունից պրն Նագացևսկին: Մոլդովայի կառավարությանը (<<Կառավարություն>>) ներկայացնում էր նրա ներկայացուցիչ պրն Վ. Գրոսուն:
- Դիմողները, մասնավորապես, պնդել են, որ իրենք ենթարկվել են վատ վերաբերմունքի ոստիկանությունում կալանքի տակ եղած ժամանակ, որ նրանց ստիպել էին մեղքն ընդունելու մասին հայտարարություններ անել, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ իրենց բողոքների քննությունը ուշացրել էին, որ իրենք կալանքի էին ենթարկվել անմարդկային ու նվաստացնող պայմաններում, որ իրենք նախնական կալանքի տակ գտնվելու ընթացքում զրկվել էին իրենց ընտրությամբ փաստաբանի մատչելիության իրավունքից, և իրենք զրկված էին եղել արդյունավետ իրավական պաշտպանությունից` վատ վերաբերմունքի վերաբերյալ իրենց բողոքների կապակցությամբ:
- Դիմումն ուղարկվել է Դատարանի Չորրորդ բաժանմունք: 2008թ. մայիսի 16-ին այդ Բաժանմունքի նախագահը որոշել է այդ դիմումի մասին տեղեկացնել Կառավարությանը: Որոշվել է նաև միաժամանակ ուսումնասիրել դիմումի էությունն ու լուծել ընդունելիության հարցին (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ մաս):
Փաստեր
I. Գործի հանգամանքները
- Դիմողները` պրն Վալերիու Ռոշան`Վ.Ռ.-ն և պրն Նիկոլայ Ռոշան` Ն.Ռ.-ն Մոլդովայի քաղաքացիներ են, ովքեր համապատասխանաբար ծնվել են 1960թ.-ին և 1978թ.-ին, և ապրում են Կոտիժենի-Մարիում:
- Գործի հանգամանքները, ինչպես ներկայացրել են կողմերը, կարող են ներկայացվել հետևյալ կերպ.
Ա. Դիմողների ձերբակալումը և նրանց նկատմամբ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքը
- 2000թ. օգոստոսի 1-ին Ի.Ս.-ն հաղորդում էր ներկայացրել Իալովենի ոստիկանություն, որ իրեն առևանգել ու կողոպտել էին անհայտ հարձակվողներ:
1. 2001թ. մայիսի 11-ին Դիմողների նկատմամբ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքը:
- 2001թ մայիսի 11-ին երկու դիմողներն էլ ձերբակալվել են Քիշնևի Ցենտրու շրջանային ոստիկանության աշխատակիցների կողմից: Ըստ դիմողների, նրանց ձերբակալության ոչ մի հիմնավորում չի ներկայացվել, և դրա ընթացքում նրանք ծեծի են ենթարկվել ձերբակալող աշխատակիցների կողմից:
- Դիմողները պնդել են, որ ոստիկանությունում նույնպես մի քանի ժամ շարունակ նրանց հարվածել են ձեռքերով և ոտքերով: Հետո նրանց տարել են Քիշնևի Գլխավոր ոստիկանության վարչություն, որտեղ նրանց ստիպել են խոստովանել, որ հանցանք են գործել, որն իրենք իրականում չէին գործել: Մերժելուց հետո` նրանց երկուսին էլ ծեծել են, ձեռնաշղթաներ են ամրացրել գետնին ընկած վիճակում, որտեղ նաև նրանց ոտնաթաթերին հարվածել են դագանակով և կիրառել էլեկտրաշոկ:
- Վատ վերաբերմունքի արդյունքում` Ն.Ռ.-ն ինքնախոստովանական հայտարարություն է գրել, բայց չի ստորագրել այն` ի նշան բողոքի: Այնուհետև դիմողներին տարել են Ցենտրու շրջանային ոստիկանություն, որտեղ քննիչներն ստիպել են նրանց ստորագրել փաստաթղթեր` հետագա վատ վերաբերմունքի սպառնալիքի ներքո:
2. 2001թ. հունիսի 13-ին Դիմողների նկատմամբ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքը
- 2001թ. հունիսի 13-ին դիմողներին տարել են Իալովենի ոստիկանության բաժանմունք: Ինչպես հետագայում բացատրել են Իալովենի ոստիկանության աշխատակիցները` դա անհրաժեշտ է եղել` պարզելու համար դիմողների հնարավոր ներգրավվածությունը Ի.Ս.-ի դեմ կատարված վերոհիշյալ հանցագործությանը: Նույն օրը CPT պատվիրակությունն այցելել է ոստիկանության բաժանմունք: Ն.Ռ.-ն CPT-ի պատվիրակությանը տեղեկացրել է Ցենտրու շրջանային ոստիկանության բաժանմունքում և Գլխավոր ոստիկանության վարչությունում վատ վերաբերմունքի մասին:
- Դիմողները պնդել են, որ CPT պատվիրակության հեռանալուց հետո նրանց տարել են մի գրասենյակ և այնտեղ բռնության ենթարկել մի քանի ժամ շարունակ` վերջում դագանակով հարվածելով ոտնաթաթերին և գլխին, որպեսզի նրանք խոստովանեն, որ կատարել են հանցագործություն, որն իրականում չէին կատարել:
- 2001թ. հունիս 14-ին CPT պատվիրակությունը վերադարձել էր Իալովենի ոստիկանության բաժանմունք և հանդիպել Ն.Ռ.-ին, ով գանգատվել էր վատ վերաբերմունքից մեկ օր առաջ:
- 2001թ. հունիսի 15-ին Ներքին գործերի նախարարությունից երեք ծառայողներ այցելել են Ն.Ռ.-ին, ով կրկնել է իր գանգատները` Ցենտրու շրջանային ոստիկանությունում և Գլխավոր ոստիկանության վարչությունում և Իալովենի ոստիկանությունում իրենց նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի մասին: Երկու դիմողներին էլ տարել են Ցենտրու շրջանային ոստիկանություն և հետո Գլխավոր ոստիկանության վարչություն:
- Դիմողները պնդել են, որ նշված վատ վերաբերմունքի պատճառով իրենք կիսով չափ կորցրել են իրենց լսողությունը և հաճախակի են ունենում գլխացավեր ու այլ ցավեր:
- Դիմողները գանգատվել են բոլոր երեք հաստատություններում, որտեղ նրանք պահվել էին, իրենց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքից, սակայն դատախազությունը հրաժարվել է բոլոր գործերով սկսել քրեական հետապնդում, բացառությամբ միայն մեկի` Իալովենի ոստիկանությունում վատ վերաբերմունքի առնչությամբ: Ոստիկանության աշխատակիցներից ոչ մեկը չի հեռացվել աշխատանքից, և նրանցից ոմանք, ենթադրաբար, ճնշում են գործադրել դիմողների և նրանց ընտանիքների նկատմամբ, որպեսզի նրանք հետ վերցնեն գանգատը:
- 2001թ. հունիսի 15-ին ոստիկանության տեսուչ, գնդապետ Պ.Դ.-ն Ներքին գործերի նախարարին ներկայացրել է զեկույց` Իալովենի ոստիկանության բաժանմունք 2001թ. հունիսի 14-ին CPT-ի պատվիրակության այցի վերաբերյալ և եզրակացություն առ այն, որ կալանքի պայմաններն ու բժշկական օգնությունը եղել են անբավարար, և պարզվել է, որ ձերբակալվածը` պրն Ռոշա անունով, ստացել էր լուրջ մարմնական վնասվածք: Պ.Դ.-ն առաջարկել է, որ, որպես հրատապ դեպք, տվյալ անձը տեղափոխվի անվտանգ վայր և ստանա փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորություն, և առաջարկությունների վերաբերյալ արձանագրություն կազմվի:
- 2001թ. հունիսի 18-ին իրենց փաստաբանների բացակայությամբ դիմողներին տարել են բժշկի` որոշելու նրանց առողջությանը պատճառված վնասի աստիճանը: Բժիշկը հայտնաբերել է վնասվածքներ նրանց մարմինների տարբեր մասերում, այդ թվում `արյունազեղ ուռուցք (հեմատոմա)` սկսած 6սմ x 2սմ-ից մինչև 12սմ x 3սմ, որոնք բժշկի կողմից բնորոշվել են որպես «թեթև վնասվածքներ»:
- Նաև 2001թ. հունիս 18-ին Պ.Դ.-ն Իալովենի ոստիկանության բաժանմունքում կալանավորների խոշտանգումների մասին զեկուցում է Ներքին գործերի նախարարին: Զեկույցում նշվել է, որ դիմողները գանգատվել են CPT-ի պատվիրակությանն Իոլավենի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների կողմից ցուցաբերված վատ վերաբերմունքի առնչությամբ: Քննությամբ հաստատվել է այն երեք ոստիկանների անունները, ովքեր զբաղվել էին դիմողների գործով, և այն վեց աշխատակիցներինը, ովքեր մասնակից էին եղել Քիշնևի Ցենտրու շրջանային ոստիկանությունում ցուցաբերված վատ վերաբերմունքին: Հարցաքննության արդյունքում` բոլոր ոստիկանները հերքել են դիմողների նկատմամբ վատ վերաբերմունքի կիրառումը: Քանի որ բժշկական քննությամբ երկու դիմողների մոտ հայտնաբերվել էին թեթև վնասվածքներ, և քանի որ ապացույցների տարբեր մասերի միջև եղած անհամապատասխանությունը կարելի էր պարզաբանվել միայն ամբողջական քննության արդյունքում, Պ.Դ.-ն առաջարկում է սկսել քրեական վարույթ բոլոր ինը ոստիկանների և ներգրավված բոլոր քննիչների դեմ:
- 2001թ. հունիսի 20-ին Ներքին գործերի նախարարի տեղակալը խնդրել է գլխավոր դատախազությանը հարուցել քրեական հետապնդում սույն գործի կապակցությամբ:
- Ներքին գործերի նախարարին ուղղված անհայտ ամսաթվով զեկույցում Իալովենի ոստիկանության հրամանատար սպան ժխտել է, որ դիմողների նկատմամբ որևէ վատ վերաբերմունք է կիրառվել: Նա նշել է, որ նրանք փաստաբան ունենալու ոչ մի պահանջ չէին ներկայացրել:
3. 2001թ. հունիսի 13-ի ենթադրյալ վատ վերաբերմունքի քննությունը և քրեական վարույթը
- 2001թ. հուլիսի 20-ին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է սկսել դիմողի նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի կապակցությամբ: Նույն օրն սկսվել է նաև մեկ այլ քննություն Իալովենի ոստիկանության բաժանմունքի հրամանատար սպայի ենթադրյալ անփույթ վերաբերմունքի առնչությամբ: Այս գործերը հետագայում միացվել են: 2001թ. հոկտեմբերի 23-ին դիմողների նկատմամբ 2001թ. մայիսի 11-ին Ցենտրու շրջանային ոստիկանության բաժանմունքում վատ վերաբերմունքի առնչությամբ քննությունը կարճվել է` ապացույցների բացակայության պատճառով: Ի պատասխան դիմողների գանգատի` 2002թ. մարտի 24-ին Գլխավոր դատախազությունը վերահաստատել է 2001թ. հոկտեմբերի 23-ի որոշումը: Պարզվել է, որ դիմողները դատական կարգով չէին վիճարկել ոչ մի որոշում:
- 2001թ. օգոստոսի 20-ին մեկ այլ բժշկական զեկույց է ներկայացվել Ն.Ռ.-ի նոր բժշկական քննությունից հետո: Փորձագետին հարց է առաջադրվել, թե արդյոք Ն.Ռ.-ի ստացած վնասվածքները կարող էին պատճառված լինել ընկնելուց կամ բանտախցում առարկաներին հարվածելուց: Ըստ Զեկույցի` դա չէր բացառվում` որպես վնասվածքների առաջացման այլընտրանքային բացատրություն:
- 2001թ. նոյեմբերի 2-ին մեղադրող կողմը Իալովենի ոստիկանությունում տեղի ունեցածի հետ կապված ոստիկանության աշխատակիցների դեմ հարուցված գործը ներկայացրել է դատարան`դատական քննության:
- 2002թ. դեկտեմբերի 3-ին Քիշնևի թիվ 13 բանտի պետի կողմից, որտեղ Վ.Ռ.-ն ձերբակալված է եղել, վկայական է տրվել` հաստատելով, որ Վ.Ռ.-ն բուժվել էր ուղեղի վնասվածքների հետևանքներից և ասթենիկ-դեպրեսիվ ախտորոշումով` 1999թ. Նրա գլխին ենթադրյալ պատճառված վնասվածքի մասին:
- 2003թ. հունիսի 23-ին Ցենտրու շրջանային դատարանն արդարացրել է երեք ոստիկաններին, ովքեր մեղադրվում էին ուժի չարաշահման և ապօրինաբար դիմողներին ծեծի ենթարկելու մեջ: Դատարանը նշել է CPT-ի կողմից ներկայացված զեկույցը, որում հայտարարվում էր, որ պատվիրակության անդամները զննել էին դիմողներին և <<հայտնաբերել էին որոշակի մարմնական վնասվածքներ>>: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ չի կարող հիմնվել CPT-ի զեկույցին, քանի որ ընթացակարգային կանոնների համաձայն միայն բժիշկ-մասնագետների կողմից կատարված զննության արդյունքը կարող է հիմք ծառայել քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Քանի որ CPT-ի զեկույցը չէր կազմվել քրեական գործի քննության ընթացքում, այլ կցվել էր տուժած կողմի ներկայացրած փաստաթղթերին, ապա դա չի կարելի հիմք ընդունել: Նույնը կարելի է ասել Պ.Դ.-ի կողմից ներկայացված հայտարարությունների մասին (տես վերը` կետ 19): Դատարանը չի մեկնաբանել 2001թ. հունիսի 18-ի բժշկական հաշվետվությունները:
- Ոստիկանության աշխատակիցներից երկուսը մեղավոր են ճանաչվել անփութության մեջ` 2000թ. Ի.Ս.-ի գանգատը համապատասխան կերպով գրանցել չկարողանալու և փորձելով ենթադրյալ հանցագործության խնդիրը համապատասխան քրեական քննության սահմաններից դուրս լուծելու համար: Դիմողների` վատ վերաբերմունքի հետևանքով պատճառված նյութական և ոչ նյութական վնասների համար փոխհատուցման մասին պահանջները մերժվել են որպես անհիմն:
- 2003թ. հուլիսի 18-ին Ն.Ռ.-ն բողոքել է, inter alia, որ դատարանը ոստիկաններին մեղավոր չի ճանաչել: Նա նաև նշել է, որ և´ ինքը, և´ Վ.Ռ.-ն ճանաչման ներկայացնելու ժամանակ ճանաչել էին այդ ոստիկաններին` որպես այն անձանց, ովքեր խոշտանգել էին իրենց, և որ ոստիկաններից ոչ մեկը չէր կարողացել բացատրել կալանքի տակ եղած ժամանակ իրենց ստացված վնասվածքների առաջացման պատճառը: Նա մեջբերում է կատարել Իալովենի ոստիկանության բաժանմունքի մի քանի համակալանավորների հայտարարություններից այն մասին, որ Ռ.Վ.-ն լավ առողջական վիճակում է եղել խցից դուրս գալուց, սակայն, հետո, երբ նա վերադարձել է այնտեղ, նրա վրա եղել են վատ վերաբերմունքի մասին վկայող ակնհայտ նշաններ: Այս վկաները բացառել են, որ բանտախցում ինչ-որ մեկն ինքն իրեն վնասել է: Ն.Ռ.-ն վկայակոչել է այն փաստը, որ իրենք` երկու դիմողները, չեն մասնակցել Իալովենի ոստիկանության բաժանմունքում իրենց նկատմամբ քրեական գործերի հարուցման գործընթացին: Դա, նրա կարծիքով, հաստատում է, որ նրանց բաժանմունք չէին տարել օրինական նպատակներով: Նա, վերջապես, անդրադարձել է իր և Ռ.Վ.-ի կողմից ձեռնարկված քաղաքացիական բողոքի ակցիային վարույթի ընթացքում: Նա կասկածի տակ է դրել մեղադրվող այն անձանց նկատմամբ համաներման օրենքի կիրառումը` որպես օրենքին հակասող իրավահարաբերություն, ովքեր չէին փոխհատուցել իրենց հանցագործությունններից տուժած անձանց: Վ.Ռ.-ն ներկայացրել է նմանատիպ գանգատ: Դատախազի բողոքարկման մեջ նշվել էր, որ յուրաքանչյուր դիմողի տրամադրվել էին Իալովենի ոստիկանության բաժանմունքի ողջ անձնակազմի նկարները, որոնցից նրանք երկուսն էլ ճանաչել էին այն ոստիկաններին, ովքեր իրենց վատ վերաբերմունքի էին ենթարկել:
- 2004թ. հունվարի 15-ին Քիշնևի Վերաքննիչ դատարանը մասնակի վերացրել է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը: Այն արդարացնում էր առաջին ատյանի դատարանի կողմից անփութության մեջ մեղադրված երկու ոստիկաններին` գտնելով, որ Ի.Ս.-ի գանգատի գրանցումը նրանց պարտականությունը չէր: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշման մնացած մասը`գտնելով, որ մասնավորապես ճիշտ է եղել վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքը մերժելը: Այն գտել է, որ դիմողների կողմից արված հայտարարությունները ճիշտ չեն եղել, քանի որ վնասվածքներ ստանալու պայմանների վերաբերյալ նրանց նկարագրությունները չեն համընկել բժշկական զննության արդյունքում ներկայացված տվյալների հետ, և <<քանի որ նրանք կարող էին օգտագործած լինել իրենց հայտարարությունները որպես պաշտպանական միջոց քրեական դատավարությունում, որտեղ նրանք մեղադրվում էին լուրջ հանցագործություններ կատարելու մեջ>>: Ընդ որում, CPT զեկույցը և այլ հարակից փաստաթղթերը չէին ապացուցում, որ դիմողները ենթարկվել էին վատ վերաբերմունքի, մասնավորապես սույն գործում մեղադրվող ոստիկանների կողմից, ուստի դրանք չեն կարող հիմք հանդիսանալ նրանց դատապարտելու համար:
- Դիմողի փաստաբանը բողոքարկել է օրենքի կետերը` մեջբերելով գործում առկա մի շարք փաստաթղթեր և պահանջելով, որ մեղադրյալները դատապարտվեն վատ վերաբերմունք ցուցաբերելու և իրենց լիազորությունները գերազանցելու համար:
- 2004թ. հունիսի 29-ին Արդարադատության գերագույն դատարանը մերժել է դիմողների բողոքներն օրենքի կետերի վերաբերյալ, սակայն ընդունել է դատախազի կողմից ներկայացված բողոքը, որում վերջինս պահանջել էր երկու մեղադրյալներին մեղավոր ճանաչել: Այն կարգադրել է գործի վերլսում Քիշնևի Վերաքննիչ դատարանում:
- 2005թ. հունվարի 26-ին Քիշնևի Վերաքննիչ դատարանը վերացրել է շրջանային դատարանի վճիռն այն առումով, որ այն արդարացրել էր վատ վերաբերմունքի մեջ մեղադրվող երեք ոստիկաններին: Այն ընդունել է մի նոր մեղադրական վճիռ` բոլոր երեք ոստիկաններին լիազորությունների ակնհայտ չարաշահման մեջ մեղավոր ճանաչելու մասին (Քրեական օրենսգրքի 185(2) հոդված,-տես` «համապատասխան ներպետական օրենսդրությունը»` ստորև): Ոստիկաններից յուրաքանչյուրը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման և երկու տարի ժամկետով զրկելով իրավապահ մարմիններում աշխատելու իրավունքից: Դատարանը նաև որոշել է մեկ տարի ժամկետով, որպես փորձաշրջան, երկարաձգել այդ վճռի ուժի մեջ մտնելը` գտնելով, որ ոստիկանները բավականին երիտասարդ էին, ունեին ընտանիք, նախկինում չէին դատապարտվել և հասարակության մեջ դրական կերպարներ էին հանդիսանում:
- 2005թ. ապրիլի 27-ին Արդարադատության գերագույն դատարանը բավարարել է այդ վճիռը: Այն գտել է, որ գործի փաստաթղթերում առկա նյութերը, այդ թվում` CPT զեկույցը, վկաների հայտարարությունները և բժշկական զննության արդյունքում ներկայացված զեկույցները, անկասկած, ապացուցում են, որ երեք ոստիկանները վատ վերաբերմունք էին ցուցաբերել դիմողների նկատմամբ:
- Դիումատուները ներկայացրել էին Միջազգային համաներման մոլդովական մասնաճյուղի անդամների, ինչպես նաև մոլդովական իրավաբանների ընկերակցության նախագահի հետ անցկացված լրագրողական հարցազրույցների պատճենները, որոնք հաստատում էին, որ վատ վերաբերմունք է սովորաբար կիրառվում որոշ իրավապահ մարմինների, մասնավորապես` ոստիկանության աշխատակիցների և քննիչների կողմից` անմեղ անձանցից ինքնախոստովանական հայտարարություններ և մեղավորության ճանաչում կորզելու համար:
Բ. Կալանքի պայմանները
- 2003թ. սեպտեմբերի 15-ին դատարան ուղարկած նամակում դիմողները պնդել են, որ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում իրենց կալանքի տակ էին պահել և´ Տիղինայի թիվ 6 փողոցում գտնվող Գլխավոր ոստիկանության վարչությունում և´, սկսած 2001թ. հունիսի 28-ից, Քիշնևի թիվ 3 բանտում (այն նաև հայտնի է որպես թիվ 13 բանտ): Ինչ վերաբերում է այս նշված վերջին կալանավայրին` նրանք անդրադարձել են, մասնավորապես, դրա խիստ գերբնակեցմանը (քսան բանտարկյալներ 25քմ բանտախցում և մինչև տասը բանտարկյալներ պահած դատարանի` 1-2քմ. Տարածքով խցերում) մինչ նրանք սպասել են դատարանում իրենց լսումներին` առանց սննդի, ջրի կամ զուգարանից օգտվելու հնարավորության. խիտ ծխախոտի թանձր ծուխ և ուժեղ հոտ բաց զուգարանից` զուգորդված օդափոխության բացակայությամբ, օրվա մեծ մասը` թարմ ջրի պակասով, պատուհանների վրա առաջացած հաստ սարդոստայնների պատճառով օրվա բնական լույսի խիստ սահմանափակ ներթափանցմամբ. խոնավություն, ուտելու համար ոչ պիտանի սնունդ և անհամապատասխան բժշկական օգնություն:
- Դիմողները նաև պնդել են, որ իրենց նամակագրությունները ստուգվել են, և որ իրենց շփումն արտաքին աշխարհի հետ խիստ սահմանափակված էր, երբ իրենք Քիշնևի Տիղինայի թիվ 6 փողոցում գտնվող կալանավայրում էին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Ա. Համապատասխան ներպետական օրենք և պրակտիկա
- Քրեական օրենսգրքի` այդ ժամանակ կիրառելի համապատասխան դրույթները սահմանում էին հետևյալը.
Հոդված 36-Պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները <<Դատարանը պետք է պատիժը նշանակի սույն օրենսգրքի Ընդհանուր մասում սահմանված դրույթներին խիստ համապատասխան և սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում, որում նշված է հանցագործության պատժաչափը: Պատժաչափը որոշելիս դատարանը պարտավոր է հիմնվել հանցավորի անձը բնութագրող տվյալների վրա և պետք է հաշվի առնի հանցագործության բնույթը, հանրության համար առաջացած վտանգավորության աստիճանը, ինչպես նաև` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները>>:
Հոդված 37.-Մեղմացնող հանգամանքները <<Դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առնել հետևյալ մեղմացնող հանգամանքները.
- այն փաստը, որ հանցագործը կանխել է հանցագործության վտանգավոր հետևանքները` կամավոր կերպով փոխհատուցելով վնասները կամ վերականգնելով պատճառված վնասը.
- հանցանքը կատարվել է անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքնների զուգորդման հետևանքով.
- հանցանքը կատարվել է սպառնալիքի կամ հարկադրանքի կամ տնտեսական կամ ծառայողական կամ այլ կախվածության հետևանքով:
- հանցանքը կատարվել է հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության ներքո, որն առաջացել է տուժողի կողմից կատարված ապօրինի գործողության պատճառով.
- հանցանքը կատարվել է` պաշտպանելու համար սոցիալապես վտանգավոր գրոհից, եթե նույնիսկ օրինական պաշտպանությունը սահմանազանցվել է.
- հանցանքը կատարվել է անչափահասի կողմից.
- հանցանքը կատարվել է հղի կնոջ կողմից.
- անկեղծ զղջալը կամ մեղայականով ներկայանալը.
- հանցագործության բացահայտմանն ակտիվորեն աջակցելը:
Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել այլ մեղմացնող հանգամանքներ նույնպես>>:
Հոդված 38.-Ծանրացնող հանգամանքները <<Դատավճիռ կայացնելիս ծանրացնող հանգամանքներ պետք է համարվեն հետևյալները.
- հանցագործը նախկինում եղել է դատապարտված: Կախված նախկին հանցագործության բնույթից` դատարանը պետք է իրավասություն ունենա այն չհամարելու որպես ծանրացնող հանգամանք.
- հանցագործությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից.
- հանցանքը կատարվել է ֆինանսական կամ այլ նյութական շարժառիթներով.
3/1. հանցանքը կատարվել է տուժողի ազգային պատկանելիության կամ ռասայական ատելության կամ արհամարհանքի պատճառով.
- հանցանքն ունեցել է լուրջ հետևանքներ.
- հանցանքը կատարվել է անչափահասի, տարեց կամ խոցելի անձի նկատմամբ.
- հանցանքը կատարվել է հասարակական կարգի պաշտպանության համար պատասխանատու անձի կողմից.
- անչափահասներին հանցագործություն կատարելուն հրահրելու կամ անչափահասների ներգրավումը հանցագործությունների կատարման մեջ.
- հանցագործություն, որը ներառում է առանձնակի դաժանություն կամ տուժողի նվաստացում.
- հանցանք, որը կատարվել է բնական աղետի ժամանակ.
- հանցագործություն, որը պատճառ է հանդիսացել համընդհանուր վտանգի.
- հանցագործություն, որը կատարվել է մեկ այլ անձի ֆինանսական, ծառայողական կամ այլ կախվածության չարաշահումների միջոցով.
- հանցանքը կատարվել է ալկոհոլի ազդեցության տակ: Դատարանը պետք է ունենա իրավասություն սա ծանրացուցիչ հանգամանք չհամարելու` կախված հանցանքի բնույթից.
- հանցանքը կատարվել է անձի կողմից, ով ազատ է արձակվել ընթացքի մեջ գտնվող դատավարությունից` անձնական երաշխավորությամբ. երաշխավորության ընթացքում կամ դրա լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում>>:
Հոդված 43.-Պատիժը պայմանականորեն չկիրառելը
Եթե դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և դատապարտյալի անձը, հանգում է հետևության, որ նրա ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով պատիժը կրելու, ապա այն կարող է որոշում ընդունել պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին, որի դեպքում այն պետք է դատավճռի մեջ ցույց տա իր այդ որոշման պատճառները: Նման դեպքերում դատարանը պետք է կարգադրի, որ մեղադրյալը պատիժը չպետք է կրի, եթե դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի ընթացքում չի կատարում նոր հանցանք և փորձաշրջանի ընթացքում կատարում է դատարանի կողմից սահմանված պարտականությունները: Փորձաշրջանը սահմանվում է մեկից հինգ տարի ժամկետով>>:
Հոդված 101/1.- Խոշտանգումը <<Դիտավորյալ գործողություններ, որի միջոցով անձին ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք է պատճառվում, հատկապես նպատակ ունենալով այդ անձից կամ որևէ երրորդ կողմից տեղեկատվություն կամ խոստովանություն կորզելու, պատժելու հանցանքի համար, որն այդ անձը կամ երրորդ կողմը կատարել է, կամ կասկածվում է, որ կատարել է կամ նպատակ ունենալով սպառնալ կամ ճնշում գործադրել այդպիսի անձի կամ որևէ երրորդ կողմի վրա որևէ այլ պատճառով`հիմնված խտրականության վրա` անկախ հանգամանքներից, երբ նման ցավ կամ տառապանք պատճառվում է պետական մարմնի աշխատակցի կամ որևէ այլ անձի կողմից, ով հանդես է գալիս որպես պաշտոնատար անձ կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հրահրվել է նման աշխատակցի կողմից, բացառությամբ ցավի կամ տառապանքի, որոնք բացառապես օրինական պատժամիջոցների արդյունք է և բնորոշ է նման պատժամիջոցներին կամ պայմանավորված է դրանով, պետք է պատժվեն ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով>>:
Հոդված 185.-Պաշտոնեական դիրքի չարաշահում կամ ultra vires գործողություններ
<<Պաշտոնեական դիրքի չարաշահումը կամ ultra vires գործողությունները պաշտոնատար անձի կողմից կատարված այնպիսի գործողություններն են, որոնք ակնհայտորեն գերազանցել են նրա` օրենքով սահմանված իրավունքներն ու լիազորությունները, եթե դրանք էական վնաս են պատճառել պետության օրինական շահերին կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին և օրինական շահերին, պատժվում են ազատազրկմամբ` մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունից մինչև հարյուրապատիկի չափով, կամ պաշտոնանկ են արվում` տվյալ զբաղեցրած պաշտոնում աշխատելու կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մինչև հինգ տարի ժամկետով:
Պաշտոնեական դիրքի չարաշահումը կամ ultra vires գործողությունները, որոնք զուգորդվել են բռնությամբ կամ զենքի կամ տանջանք պատճառող գործողությունների կիրառմամբ, և որոնք նվաստացրել են տուժողի արժանապատվությունը` պատժվում են երեքից տասը տարի ժամկետով ազատազրկմամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մինչև հինգ տարի ժամկետով>>:
- Ոստիկանության համար էթիկայի և Դեօնտոլոգիայի կանոնագիրքն ընդունվել է 2006թ. մայիսի 10-ին (օրենք թիվ 481, ուժի մեջ է մտել 2006թ. մայիսի 8-ից): Ըստ այդ օրենսգրքի` արգելվում է վատ վերաբերվել, հանդուրժել կամ խրախուսել վատ վերաբերմունքը և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը <<անկախ հանգամանքներից>>:
- 1545 օրենքի (1998թ.) համապատասխան դրույթները, որ վերաբերում են քրեական հետապնդման մարմինների, դատախազության և դատարանների անօրինական գործողություններով պատճառված վնասի հատուցմանը, վկայակոչվել են Սարբան ընդդեմ Մոլդովայի գործում (թիվ 3456/05, կետ 54, 4 հոկտեմբերի 2005թ.):
- Բելիցեվեցեն ընդդեմ Ֆինանսների նախարարության գործում (թիվ 2ra-1171/07, 4 հուլիսի 2007թ.) Գերագույն դատարանը գտել է, որ մարդը կարող է վնասների փոխհատուցում պահանջել 1545(1998) օրենքի հիման վրա միայն այն դեպքում, եթե նա արդարացվել է իր դեմ բերած բոլոր մեղադրանքներով: Պրն Բելիցեվեցեն մեղավոր էր ճանաչվել իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով, այդպիսով նա չէր կարող վնասների փոխհատուցում պահանջել:
Բ. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման վերաբերյալ Եվրոպական միության զեկույցները:
- 2001թ. հունիսի 10-ից 22-ը Մոլդովա կատարած այցելության վերաբերյալ CPT-ի զեկույցի համապատասխան մասերը սահմանում էին հետևյալը.
<<24.Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի Իալովենի սստիկանության բաժանմունքում կալանավորված անձի գործին: Առաջին հարցազրույցի ժամանակ այս անձի վրա չկար որևէ վերք կամ վատ վերաբերմունքի նշան: Երբ նրան տեսանք հաջորդ օրվա հերթական հարցազրույցի ժամանակ, պատվիրակներից մեկի բժշկի կողմից կատարված զննության արդյունքում նրա ձախ քունքի շրջանում բացահայտվեց մեկ սմ երկարությամբ վերք` պատված չորացած շերտով, և ձախ երիկամի շրջանում` 8 x 3 սմ չափի կապտավուն արյունազեղ ուռուցք` հեմատոմա: Երկու ոտնաթաթերն էլ շատ էին ցավում քայլելիս և քարացած էին` հատկապես կրնկի հատվածում: Այս վերքերը և նշանները համապատասխանում են նրա այն հայտարարություններին, որ նախորդ օրը` երեկոյան, պատվիրակության մեկնումից հետո EDP գրասենյակում ոստիկանության աշխատակիցները մի կտոր ծանր կաուչուկե գործիքով նրա գլխին մի քանի անգամ հարվածել էին, իսկ հետո ստիպել էին ծնկի իջնել` ձեռքերն առջևի մասում պահած վիճակում ձեռնաշղթայել նրան: Հարցաքննության ժամանակ նրան ծեծել էին` ոտնաթաթերին և ձախ երիկամի շրջանում հարվածներ հասցնելով: Քանի որ այդ անձը մտահոգություն էր հայտնել, որ իրեն վատ վերաբերմունքի կենթարկեն պատվիրակության մեկնումից հետո, վերջինս խնդրել է Ներքին գործերի նախարարության իրավասու աշխատակցին անհապաղ քայլեր ձեռնարկել ապահովելու նրա պաշտպանությունը և հարցում կատարել այս կալանքի տակ գտնվող այս անձանց EDP-ում բուժման վերաբերյալ: Մտահոգված անհատին տեղափոխել են մայրաքաղաքի EDP, և նա ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության իր փաստաբանի ներկայությամբ: Ներքին գործերի նախարարության այցի ընթացքում իրականացված ներքին քննությունը նաև ցույց է տվել, որ մեկ այլ անձ, ով պահվում էր նույն EDP-ում, ֆիզիկական վատ վերաբերմունքի վերաբերյալ մեղադրանքներ էր ներկայացրել հետաքննությամբ զբաղվող անձանց նկատմամբ: Այս անձը նույնպես ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Ըստ 2001թ. նոյեմբերի 5-ի նամակի` Մոլդովայի իշխանությունները նշել էին, որ վարույթը նախաձեռնել էր դատախազությունը` ըստ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 5-րդ կետի (պաշտոնեական դիրքի/իշխանության չարաշահում): Քննությունն սկսվել է, և այդ գործը շուտով կփոխանցվի դատարան: CPT-ն նշել է այս տեղեկությունը մեծ հետաքրքրությամբ և կցանկանար տեղեկանալ դատարանի վերջնական որոշման մասին:
25. Ինչպես նշվել է վերոհիշյալ 13-րդ պարբերությունում, ի պատասխան իրավիճակի վատթարացմանը` պատվիրակությունը վկայակոչել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 5-րդ մասը` Մոլդովայի իշխանություններից պահանջելով անհապաղ իրականացնել մանրակրկիտ և անկախ հետազոտություն` պարզելու երկրով մեկ տարածված ոստիկանության ստորաբաժանումներում կալանավորված անձանց հարցաքննության ընթացքում կիրառվող մեթոդները: 2001թ. նոյեմբերի 5-ի իրենց նամակում Մոլդովայի իշխանությունները պարզապես նշել են, որ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ տեղյակ չէ կոնկրետ դեպքերի, երբ ազատազրկվածներն անմարդկային մեթոդներով հարցաքննության են ենթարկվել ոստիկանության կողմից, և հիշեցրել է ուժի մեջ գտնվող ընթացակարգերը` վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների առկայության դեպքում: Նման դիրքորոշումը, Հանձնաժողովի կարծիքով, անտրամաբանական է` հաշվի առնելով 2001թ. հավաքված բոլոր տեղեկությունները: Անդրադառնալով Կոնվենցիայի 3-րդ հոդվածին` CPT-ն կոչ է անում Մոլդովական իշխանություններին անհապաղ իրականացնել վերոհիշյալ քննությունը և տեղեկացնել Հանձնաժողովին դրանց արդյունքների մասին 2001թ. այցի վերաբերյալ զեկույցն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում>>:
- CPT-ի 2001թ. զեկույցին 2002թ. հունիսի 26-ին Մոլդովայի կառավարության ներկայացրած պատասխանի համապատասխան մասերը սահմանում էին, որ. <<24. CPT-ն ցանկանում է տեղեկացված լինել դատարանի որոշման մասին` ըստ դատախազի պահանջի, կապված համապատասխան պարբերությունում նշված գործի հետ: Տեղեկացնում ենք Ձեզ, որ քրեական գործը (նշված 2001թ. զեկույցի 24-րդ պարբերությունում)` հիմնված 185-րդ հոդվածի 2-րդ մասի վրա` <<Իշխանության չարաշահում կամ Ultra vires գործողություններ>>, դեռևս գտնվում է քննության փուլում:
28.CPT-ն մեկնաբանություններ էր պահանջել Մոլդովիայի իշխանություններից` կապված քննության անցկացման ժամանակակից մեթոդների հետ: Այս կապակցությամբ, ցավոք, ոչ մի առաջխաղացում չի գրանցվել:
29. CPT-ն կցանկանար տեղեկություն ձեռք բերել Ոստիկանության համար Դեօնտոլոգիայի կանոնագիրք կազմելու գործի ընթացքի վերաբերյալ: Ցավոք, այս կապակցությամբ ոչ մի առաջընթաց չի գրանցվել>>:
Գ. Միացյալ ազգերի Ստամբուլի արձանագրությունը
- Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արդյունավետ քննության մասին ձեռնարկը (Ստամբուլի արձանագրություն) ներկայացվել է ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին 1999թ. օգոստոսի 9-ին: «Ստամբուլյան սկզբունքները» այնուհետև աջակցություն էին ստանում Միավորված ազգերի կազմակերպությունից` Մարդու իրավունքների հանձնաժողովի և Գլխավոր ասամբլեայի միջոցով: Այն ուղեցույցների առաջին փաթեթն է` ստեղծված խոշտանգումների վերաբերյալ քննության համար: Արձանագրությունը պարունակում է ամբողջական գործնական ցուցումներ` գնահատելու համար անձանց հայտարարությունները, ովքեր պնդում են, որ տուժել են խոշտանգումներից կամ վատ վերաբերմունքից, քննելու խոշտանգումների կասկածելի դեպքերն ու քննության արդյունքները համապատասխան իրավասու մարմիններին զեկուցելու համար: Սկզբունքները, որ կիրառելի են արդյունավետ քննության և խոշտանգումների ու այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի վավերագրման մեջ, կարելի է գտնել Ձեռնարկի 1-ին հավելվածում, որի համաձայն` <<Արդյունավետ քննության և խոշտանգումների ու այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վավերագրման նպատակները (այսուհետ` խոշտանգումները կամ այլ վատ վերաբերմունքը), ներառում են հետևյալը` փաստական հանգամանքների պարզաբանում, տուժողների և նրանց ընտանիքների համար անհատական ու պետական պատասխանատվության հաստատում ու ճանաչում, անհրաժեշտ միջոցառումների բացահայտում` կանխելու համար հետապնդման կրկնությունն ու հեշտացումը, կամ համապատասխան դեպքերում, կարգապահական պատժամիջոցների կիրառումը նրանց հանդեպ, ովքեր քննությամբ ճանաչվել են որպես պատասխանատու, և պետությունից լիարժեք վերականգնման ու փոխհատուցման անհրաժեշտության ցուցադրումը, այդ թվում` արդար և համապատասխան ֆինանսական փոխհատուցման, բժշկական օգնության միջոցների տրամադրում և վերականգնողական ծառայություն: Պետությունները պետք է ապահովեն, որ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ գանգատները և հայտարարությունները արագ ու արդյունավետ կերպով քննվեն: Նույնիսկ ուղղակի բողոքի բացակայության դեպքում քննությունը պետք է ձեռնարկվի, եթե կան այլ ցուցմունքներ, այն մասին, որ խոշտանգումներ կամ վատ վերաբերմունք կարող են տեղի ունեցած լինել: Քննիչները, որոնք պետք է լինեն անկախ կասկածելի հանցագործներից և այն գործակալություններից, որոնց համար նրանք ծառայում են, պետք է լինեն իրազեկ և անկողմնակալ: Նրանց պետք է մատչելի լինեն կամ նրանք պետք է լիազորված լինեն օգտվելու Հանձնաժողովի աշխատանքներից և անկողմնակալ բժշկական կամ այլ փորձագետի հետաքննություններից: Քննչական մարմինը պետք է ուննա իրավասություն և պարտավոր է ձեռք բերել բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը, որ անհրաժեշտ է իր ուումնասիրության համար: Նրանք, ովքեր ինչ-որ չափով ներգրավված են եղել խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի գործում, զրկվում են վերահսկողություն կամ իշխանություն իրականացնող որևէ պաշտոնից, որն ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում է գանգատվողների, վկաների և նրանց ընտանիքների, ինչպես նաև քննություն անցկացնող անձանց: Խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ տուժողները և նրանց օրինական ներկայացուցիչները պետք է տեղեկացվեն և մասնակցեն դրանց ցանկացած լսումների, ինչպես նաև ստանան ուսումնասիրությանն առնչվող ցանկացած տեղեկատվություն և պետք է ունենան այլ ապացույցներ ներկայացնելու իրավասություն: Գրավոր զեկույցը` կազմված ողջամիտ ժամկետում, պետք է ներառի այն ուսումնասիրության, ընթացակարգերի և մեթոդների շրջանակը, որոնք օգտագործվում են ապացույցների գնահատման համար, ինչպես նաև եզրակացությունները և առաջարկությունները, որոնք հիմնված են փաստերից և գործող օրենքից բխող եզրահանգումների վրա: Ավարտելուն պես այդ զեկույցը պետք է հրապարակվի: Դրանցում պետք է նաև մանրամասն նկարագրվեն որոշակի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել, և ապացույցները, որոնց վրա հիմնված են այդ արդյունքները, և վկաների անունները, ովքեր վկայություն են տվել, բացառությամբ նրանց, ում ինքնությունը պետք է պահվի իրենց իսկ անվտանգության շահերից ելնելով: Պետությունը, ողջամիտ ժամկետում, պետք է պատասխանի քննության վերաբերյալ զեկույցին և համապատասխանաբար ցույց տա այն քայլերը, որ պետք է ձեռնարկվեն ի պատասխան: Խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի քննության գործում ներգրավված բժիշկ-մասնագետները բոլոր դեպքերում պետք է գործեն էթիկայի բարձրագույն չափանիշներին համապատասխան և, մասնավորապես, պետք է ձեռք բերեն տեղեկացված համաձայնություն նախքան որևէ փորձաքննություն իրականացնելը: Քննությունը պետք է հետևի բժշկական պրակտիկայում սահմանված չափանիշներին: Մասնավորապես, քննությունները պետք է անցկացվեն գաղտնի` բժիշկ-փորձագետի հսկողության ներքո և առանց անվտանգության գործակալների կամ պետական այլ պաշտոնյաների ներկայության: Բժիշկ- մասնագետը պետք է անմիջապես պատրաստի ճշգրտորեն կազմված զեկույց: Այս զեկույցը պետք է նվազագույնը ներառի հետևյալը.
ա. քննվողի անունը և քննությանը ներկա գտնվողների անունները և ազգային պատկանելությունը, ճշգրիտ ժամը և ամսաթիվը, վայրը, բնույթը և հաստատության հասցեն (ներառյալ անհրաժեշտ դեպքում` սենյակը), որտեղ քննությունն իրականացվել է (օրինակ` կալանավայր, կլինիկա, տուն) և քննության ժամանակ քննվողի հետ կապված որոշ հանգամանքներ (օրինակ` որևէ խափանման միջոցի բնույթը ժամանելիս կամ փորձաքննության ընթացքում, անվտանգության ուժերի ներկայությունը փորձաքննության ընթացքում, բանտարկյալներին ուղեկցողների վարքագիծը, քննությունն անցկացնողի հասցեին հնչեցված սպառնալիքներ) և այլ համապատասխան գործոններ,
բ. քննվողի պատմության մանրամասն արձանագրությունը` ինչպես ներկայացվել է հարցազրույցի ընթացքում, այդ թվում` խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ մեթոդները, ժամանակը, երբ ենթադրվում է, որ խոշտանգումները կամ վատ վերաբերմունքը տեղի են ունեցել, և բոլոր հոգեկան ու ֆիզիկական տառապանքների վերաբերյալ գանգատները:
գ. կլինիկական փորձաքննության արդյունքում կազմված բոլոր ֆիզիկական և հոգեկան վնասվածքների վերաբերյալ եզրակացությունների արձանագրությունը, այդ թվում համապատասխան ախտորոշիչ թեստերը և հնարավորության դեպքում, բոլոր վնասվածքների գունավոր լուսապատկերները,
դ. մեկնաբանություն, որ կպարզաբանի ֆիզիկական և հոգեբանական եզրակացությունների հնարավոր առնչությունը հնարավոր խոշտանգումներին կամ վատ վերաբերմունքին: Պետք է տրվի անհրաժեշտ խորհրդատվություն բժշկական և հոգեբանական բուժման վերաբերյալ, ինչպես նաև պետք է կատարվի հետագա քննություն,
ե. զեկույցում պետք է հստակորեն նշված լինի քննությունն անցկացնողների ինքնությունը, և այն պետք է ստորագրվի>
Իրավունք
- Դիմողները բողոքել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմքով 2001թ. մայիսի 11-ին Ցենտրու շրջանային ոստիկանության բաժանմունքում ոստիկանների և քննիչների կողմից իրենց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի կապակցությամբ, որ քննիչը մերժել էր քրեական հետապնդում սկսել իրենց նկատմամբ այդ օրը ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքի առնչությամբ: Նրանք նաև նույն հոդվածի հիմքով բողոքել են Իալովենի ոստիկանության բաժանմունքում 2001թ. հունիսի 13-ին իրենց նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի, ինչպես նաև այդ օրը նրանց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի հետ կապված վարույթ սկսելը մերժելու կապակցությամբ: Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ` <<Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի>>:
- Դիմողներն այնուհետև բողոքել են Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների հիմքով` կալանավայրում պահելու անմարդկային պայմանների, ինչպես նաև իրենց նամակագրոթյուններն ստուգելու առնչությամբ: Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համապատասխան մասը սահմանում է, որ` <<Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք>>:
- Դիմողները նաև բողոքել են, որ վարույթի նախնական փուլում նրանց փաստաբաններ չէին տրամադրել և որ եթե զրկված են եղել փաստաբան ունենալու հնարավորությունից իրենց կալանքի առաջին մի քանի օրերի ընթացքում, ինչը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համապատասխան մասը սահմանում է, որ` <<Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի ... ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք...>>:
- Դիմողներն այնուհետև բողոքել են Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիմքով վատ վերաբերմունքի մասին իրենց գանգատների վերաբերյալ պակաս արդյունավետ միջոցներից և դրանց քննության ձախողումից: Կոնվենցիայի 13-րդ հոդվածը սահմանում է, որ` <<Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք>>:
- Դիմողներն ի վերջո բողոքել են Կոնվենցիայի 17-րդ հոդվածի հիմքով: 17-րդ հոդվածը սահմանում է, որ` <<Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ պետություն, անձանց խումբ կամ որևէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է սույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի և ազատության վերացմանը կամ դրանց սահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեսված է Կոնվենցիայով>>:
- ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
- Կառավարությունը պնդել էր, որ դիմողների նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող երեք ոստիկաններին մեղավոր ճանաչելուց հետո դիմողներն այլևս չէին կարող համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածում ամրագրված իրավունքների խախտման զոհեր: Դիմողներն առարկել են` վկայակոչելով պատիժների մեղմ լինելը:
- Դատարանը գտնում է, որ այս հարցը սերտորեն կապված է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո գանգատարկվող նյութի էության հետ: Դատարանը, հետևաբար, այս առարկությունը կքննի 3-րդ հոդվածի ներքո բերված գանգատի փաստարկների հետ մեկտեղ:
- Կառավարությունը նաև պնդել է, որ դիմողները չէին սպառել առկա ներպետական միջոցները, քանի որ նրանք չէին կատարել դատական գործողություններն այն վնասների համար, որոնք վերաբերում են իրավապահ մարմինների ապօրինի գործողություններին` 1545(1998) օրենքին համապատասխան:
- Դիմողները պնդել են` քանի որ իրենք չէին արդարացվել այն հանցագործությունների համար, որոնցում մեղադրվում էին, նաև այդ օրենքը չէր վերաբերում նրանց իրավիճակին, ինչպես վկայում է Բելիցեվեցինի գործը (տես վերը` կետ 40):
- Դատարանը նշում է, որ այն արդեն մերժել է նման մեկ առարկություն` բարձրացված Կառավարության կողմից Սարբանում (վկայակոչված վերը` կետ 59), գտնելով, որ միայն արդարացումն է թույլ տալիս անձին պահանջել վնասների փոխհատուցում այդ օրենքով: Բելիցվեցինի գործը (տես վերը` կետ 40-րդ) ամրապնդում է այդ եզրակացությունը: Սույն գործով դիմողները պնդել են, որ իրենք չեն արդարացվել, իսկ Կառավարությունը չի առարկում դա: Ամեն դեպքում, Դատարանը կրկնում է, որ դիմողներից չի պահանջվում օգտագործել մեկից ավելի մատչելի պաշտպանության միջոց, և չի կարող վիճարկվել այն, որ նրանք որպես տուժող կողմեր պահանջում են, որ իրենց կրած վնասների համար քրեական պատասխանատվության ենթարկվեն ոստիկանության աշխատակիցները, ում պահանջները մերժվել էին դատարանների կողմից (տես վերը` կետ 27): Դրանից հետևում է, որ այս առարկությունը ենթակա է մերժման:
- Դատարանը նաև նշում է, որ դիմողներր գանգատվել են 2001թ. մայիսի 11-ին Ցենտրու ոստիկանության բաժանմունքում և Քիշնևի գլխավոր ոստիկանությունում վատ վերաբերմունքից: Սակայն դիմողների ներկայացրած նյութերը չեն պարունակում որևէ ապացույց մինչև 2001թ.-ի հունիսի 13-ը կատարված վատ վերաբերմունքի վերաբերյալ: Ընդ որում, CPT-ն իր զեկույցում նշել է, որ 2001թ. հունիսի 13-ին Իալովենի ոստիկանություն կատարած իր այցի ժամանակ չէր գտել բռնության որևէ հետք այն անձի վրա, ում նա հաջորդ օրը կրկին այցելել էր (տես վերը` կետ 41): Հաշվի առնելով գնդապետ Պ.Դ.-ի զեկույցը (տես վերը` կետ 17), Կառավարության պատասխանը CPT զեկույցին (տես վերը` կետ 42), և այդ զեկույցին հղումը ներկայացված դատարանների վճիռներում, որոնք մեղավոր էին ճանաչել երեք ոստիկաններին (տես վերը` կետեր 26, 29 և 33), Դատարանը եզրակացնում է, որ 2001թ. CPT զեկույցի 24-25-րդ պարբերությունները վերաբերում են դիմողներին: Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ 2001թ. հունիսի 13-ի վատ վերաբերմունքի վերաբերյալ գանգատն ակնհայտորեն անհիմն է և, հետևաբար, անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 -րդ և 4-րդ մասերի իմաստով:
- Դիմողները բողոքել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո` այն մասին, որ իրենց չէին թույլատրել փաստաբան ունենալ Քիշնևի և Իալովենի ոստիկանություններում իրենց կալանքի սկզբնական շրջանում, և որ դա խանգարել էր նրանց, որպեսզի դատավարությունից առաջ իրենց կալանքի հրամանը բացարկեին: Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ դիմողները չեն ցույց տվել, որ իրենց գործը տուժել է վերոնշյալ ենթադրյալ խախտումների հետևանքով: Համապատասխանաբար, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն բերված գանգատն ակնհայտորեն անհիմն է և, հետևաբար` անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի իմաստով:
- Դատարանը նշում է, որ, այնուամենայնիվ, դիմողները բողոքել են, որ իրենք ի վիճակի չեն եղել վիճարկելու իրենց կալանքի հրամանը փաստաբանի խորհրդատվության բացակայության պատճառով: Ուստի գտնում է, որ այս գանգատը պետք է քննության առնվի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով: Չնայած դիմողները չէին նշել, թե որն են նրանք համարում իրենց նախնական կալանքը, նրանք սույն գանգատի կապակցությամբ անդրադարձել էին 2001թ. հունիսի իրադարձություններին: Դատարանը նշում է, որ սույն գործով դիմումը ներկայացվել էր 2002թ. նոյեմբերի 6-ին և 28-ին` 2001թ. հունիսի դեպքերից ավելի քան վեց ամիս անց: Դրանից հետևում է, որ դիմողների ամբողջական գանգատն ըստ 5-րդ հոդվածի 4-րդ մասի` ներկայացվել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից դուրս և ենթակա է մերժման որպես անընդունելի` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ մասի:
- Դատարանը նաև նշում է, որ ի սկզբանե Դիմողները բողոքել էին Կոնվենցիայի 8-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածների հիման վրա` անդրադառնալով հիմնականում այն նույն խնդիրներին, որոնք բարձրացվել էին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա: Իրենց հետագա դիտարկումներում նրանք չէին պնդել այդ գանգատները: Դատարանը, հետևաբար, քննության չի առնի դրանք:
- Դատարանը գտնում է, որ դիմողների բողոքները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո (բացառությամբ 2001թ. հունիսի 13-ից առաջ տեղի ունեցած վատ վերաբերմունքի)` բարձրացնում են օրենքի հարցեր, որոնք բավականաչափ լուրջ են, և նրանց վճռականությունը պետք է կախված լինի ըստ էության քննությունից և ոչ այլ հիմքերից` այն անընդունելի ճանաչելու համար: Դատարանը, հետևաբար, այդ գանգատները հայտարարում է ընդունելի: Համաձայն իր որոշման` համատեղ քննելու ընդունելիության և ըստ էության հարցերը (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ մաս, տես վերը` կետ 4) Դատարանն անմիջապես կքննի այդ գանգատների էությունը:
- ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Ա. Կողմերի դիրքորոշումները
1. Դիմողների հանդեպ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքը և իրավասու մարմինների պոզիտիվ պարտավորությունները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա
- Դիմողները պնդել են, որ իրենք դեռևս կարող են համարվել վատ վերաբերմունքի զոհեր` չնայած այն հանգամանքին, որ երեք ոստիկանները մեղավոր էին ճանաչվել: Հաշվի առնելով նրանց նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի ուժգնությունը և նպատակը (հատկապես` դրա մասին ուղղակի տեղեկությունը), այն պետք է ճանաչվի որպես խոշտանգում` ըստ 3-րդ հոդվածի: Նրանք պնդել են, որ իրենց հանդեպ կիրառված վատ վերաբերմունքի վերաբերյալ քննությունը կատարվել է խիստ դանդաղ (տևելով գրեթե չորս տարի)` հակառակ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային պահանջներին: Նրանք նաև պնդել են, որ իրավասու մարմինները չեն կատարել իրենց պոզիտիվ պարտավորությունները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա, այն է` ապահովել վատ վերաբերմունքն արգելող օրենսդրության կանխարգելիչ ազդեցությունը: Մասնավորապես, այդ ոստիկաններին ենթարկել էին օրենքով նախատեսված նվազագույն պատժի, և նույնիսկ այդ պատիժը հետաձգվել է. այսպիսով նրանք երբեք չեն ազատազրկվել: Ընդ որում, ոստիկանները մեղավոր չեն ճանաչվել տանջելու, այլ միայն ուժի չարաշահման համար, որը ոչ մեծ թեթև ծանրության հանցագործություն է:
- Կառավարությունը պնդել է, որ երեք ոստիկաններին մեղավոր ճանաչելուց հետո դիմողներն այլևս չէին կարող պահանջել իրենց տուժողներ ճանաչել` ինչպես սահմանված է Կոնվենցիայի 3-րդ հոդվածում: Այն նաև պնդել է, որ դիմողների նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի քննությունը կատարվել էր մանրակրկիտ ու արագ կերպով, և, որ այն հանգեցրել էր պատասխանատու անձանց բացահայտմանն ու դատարանների կողմից նրանց դատապարտմանը:
- Ինչ վերաբերում է վատ վերաբերմունքի արգելման համար կանխարգելիչ արդյունքի ապահովմանը` Դատարանը նշում է, որ այն հանցանքը, որի համար ոստիկանները մեղադրվել էին, դասակարգվում էր որպես միջին ծանրության` ըստ Քրեական օրենսգրքի: Միայն <<ծանր և առանձնապես ծանր>> հանցանքներն են համարվում վտանգավոր, և ըստ բժշկական քննության արդյունքում արված եզրակացության` դիմողներն ստացել էին միայն ոչ ծանր մարմնական վնասվածքներ, որոնք չէին կարող համարվել խոշտանգման հետևանք: Վերջապես, Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է լրացուցիչ պատիժ, որն է զբաղեցրած պաշտոնից կամ ծավալած որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելը մեկից հինգ տարի ժամկետով:
2. Կալանքի պայմանները
- Դիմողները բողոքել են, որ իրենց պահել էին անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում` թիվ 3 բանտում (որը հայտնի էր նաև որպես թիվ 13 բանտ, տես վերը` կետ 35): Նրանք մեջբերում են կատարել CPT-ի և ներպետական իրավասու մարմինների զեկույցներից, որոնք հավաստում էին բանտերի ընդհանուր համակարգի ոչ լիարժեք ֆինանսավորման պակասի մասին, ինչը անբավարար սննդի, հիգիենիայի և կալանավորվածների առողջությունը վնասող այլ վտանգների պատճառ էր հանդիսանում:
- Կառավարությունն առարկել է և նշել, որ դիտարկվել է ազգային սահմանված չափանիշը, ըստ որի` մեկ անձի համար ապահովվել է 2քմ տարածք, ինչպես նաև այլ չափանիշներ, օրինակ` սննդի, հիգիենիայի, ջեռուցման, լույսի առկայության և բժշկական օգնության ապահովման:
Բ. Դատարանի գնահատականը
1. Դիմողների հանդեպ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքը և իրավասու մարմինների պոզիտիվ պարտավորությունները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն
- Դատարանը նշում է, որ երկու կողմերը չեն վիճարկում այն, որ 2001թ. հունիսի 13-ին դիմողները ենթարկվել էին վատ վերաբերմունքի: Այն նշում է, որ դիմողները ենթարկվել են, inter alia, ֆալակայի` ոտքերի թաթերին հարվածների (տես վերը` կետ 41): Դատարանը հիշեցնում է, որ մարդու ոտնաթաթերին հարվածելով նրան ծեծելը կամ ֆալական մի պրակտիկա է, որը միշտ էլ համարվել է կանխամտածված, և կարող է ընդունվել միայն որպես խոշտանգում (տես` Կորսակովն ընդդեմ Մոլդովայի, 18944/02, կետ 65, 4 ապրիլի 2006թ, և Լևինտան ընդդեմ Մոլդովայի, no. 17332/03, կետ 71, 16 դեկտեմբերի 2008թ.): Դրանից հետևում է, որ խախտվել է դիմողների վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը, ինչը սույն գործով հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմնական պահանջներին: Հաշվի առնելով այն փաստը, որ վատ վերաբերմունքի համար պատասխանատու աշխատակիցներն ի վերջո մեղադրվել և դատապարտվել են, անհրաժեշտ է պարզել, թե արդյոք դիմողները դեռ կարող են պահանջել` 3-րդ հոդվածի խախտման հիման վրա իրենց տուժող ճանաչել: Համոզվելով այդ առումով` այնուհետև Դատարանը կորոշի, թե արդյոք իրավասու մարմիններն անտեսել էին իրենց պարտավորությունները` 3-րդ հոդվածի մասով, մասնավորապես, արդյոք իրականացրել էին արդյունավետ քննություն դիմողների նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի առնչությամբ, և արդյոք մեղավոր ճանաչելով և դատապարտելով երեք ոստիկաններին` պատասխանատու պետությունը ապահովել է այն պոզիտիվ պարտավորությունների կատարումը, որոնք պարտադրվում են նրան այդ դրույթով:
ա. Դիմողների նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի հետաքննությունը
- Դատարանը նկատում է, որ Բատցը և այլոք ընդդեմ Թուրքիայի գործում (33097/96 և 57834/00, ECHR 2004‑IV (քաղվածքներ) այն վճռել է. <<133. Եթեֆիզիկական անձն ունի վիճելի գանգատ, որ պետական գործակալների ձեռքերում եղած ժամանակ նրան խոշտանգել են, ապա <<իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի>> հասկացությունը ենթադրում է մանրակրկիտ և արդյունավետ քննություն` ի հավելումն անհրաժեշտության դեպքում կատարվող փոխհատուցման վճարմանը և առանց վնասելու գործող ներպետական օրենքում առկա որևէ այլ միջոց: Քննությունները, որոնք կհասնեն այդ նպատակին, կարող են տարբեր լինել` ըստ հանգամանքների: Սակայն, անկախ քննության մեթոդից, իրավասու մարմինները պետք է գործեն անմիջապես, երբ պաշտոնական գանգատ է ներկայացվում: Նույնիսկ ուղղակի գանգատի բացակայության դեպքում քննությունը միևնույն է, պետք է սկսել, եթե առկա են բավարար հստակ ցուցմունքներ այն մասին, որ խոշտանգումներ կամ դաժան վերաբերմունք է կիրառվել (տես, ի թիվս այլ գործերի, Ուզբեյն ընդդեմ Թուրքիայի (դեկտեմբեր), no. 31883 / 96, 8 մարտի 2001թ., տես նաև` Ստամբուլի Արձանագրությունը վերոնշյալ 43-րդ կետում): Իրավասու մարմինները պետք է հաշվի առնեն խոշտանգումներից տուժածների առանձնակի խոցելի վիճակը և այն, որ մարդիկ, ովքեր ենթարկվել են լուրջ վատ վերաբերմունքի, հաճախ ավելի պակաս պատրաստակամություն կամ ցանկություն ունեն գանգատ ներկայացնելու համար (տես` Ակսոյն ընդդեմ Թուրքիայի 18 դեկտեմբերի 1996թ. վճիռը, 1996թ. Վճիռների և Որոշումների հաշվետվություն VI,] էջ 2286-87, կետեր 97-98):
136. Կասկածից վեր է, որ այս համատեքստում ենթադրվում է արագ և խելամիտ հանձնառություն սկսելու պահանջը: Իրավասու մարմինների կողմից արագ արձագանքը վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումների քննությանը, ընդհանուր առմամբ, կարելի է համարել կարևոր իրենց հավատարմությունն օրենքի նկատմամբ ցուցաբերելու գործում հասարակության վստահությունը պահպանելու համար և կանխելու ցանկացած խախտում կամ հանդուրժողականություն անօրինական գործողությունների նկատմամբ (տես, ի թիվս այլ գործերի, Իդելիկատոն ընդդեմ Իտալիայի, no. 31143/96, կետ 37, 18 հոկտեմբերի 2001թ. և Օզգուր Կիլիչն ընդդեմ Թուրքիայի (դեկտեմբեր), no. 42591/98, 24 սեպտեմբերի 2002թ.): Թեև կարող են առաջանալ խոչընդոտներ կամ դժվարություններ, որոնք տվյալ իրավիճակում կխոչընդոտեն քննության առաջընթացը, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, կարևոր է, որ իրավասու մարմիններն անհապաղ քննություն սկսեն` իրենց հավատարմությունը օրենքի նկատմամբ ցուցաբերելու առումով հասարակության վստահությունը պահպանելու համար և կանխելու ցանկացած տեսակի խախտում կամ հանդուրժողականություն անօրինական գործողությունների նկատմամբ (տես, մուտատիս մուտանդիս, Փոլ և Օդրի Էդվարդսներն ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 46477/99, կետ 72, ECHR 2002 II)>>:
- Հաշվի առնելով դիմողների մեղադրանքների հիման վրա սկսված քննությունը` Դատարանը նշում է, որ իրավասու մարմինները տեղեկացվել էին դիմողների նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի մասին 2001թ. հունիսի 14-ին, երբ CPT-ն տեղեկացրել էր նրանց այդ մասին: Արդյունքում` 2001թ. հունիսի 15-ին դիմողներին այցելել էին Ներքին գործերի նախարարության աշխատակիցներ (տես վերը` կետ 14), ինչպես նաև նույն օրը գնդապետ Դ.Պ.-ն զեկուցել էր նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին (տես վերը` կետ 17-րդ):
- Դատարանը նշում է, որ չնայած վատ վերաբերմունքի մասին այս բազմաթիվ և հաճախակի հայտարարություններին, նրանց բժշկական զննության էին տարել միայն 2001թ. հունիսի 18-ին` խնդրի մասին իրավասու մարմինների տեղեկանալուց չորս օր անց (տես վերը` կետ 18): Այդ ուշացումը, ինչպես դիմողներն են նշել, հնարավորություն է ընձեռել իրենց վերքերի մասնակիորեն առողջացման համար, որն էլ պատճառ է հանդիսացել, որ բժիշկների եզրակացությունում իրենց մարմինների վրա առկա վերքերը որակվեն որպես <<թեթև վնասվասծքներ>>:
- Այնուհետև, նույնիսկ այն բանից հետո, երբ բժշկական քննությամբ հաստատվել էր դիմողների նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքը, որին հաջորդել էր 2001թ. հունիսի 21-ին Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված պահանջը` քրեական քննություն սկսելու մասին (տես վերը` կետ 20), քննությունը չէր սկսվել մեկ ամիս անց` մինչև 2001թ. հուլիսի 21-ը:
- Դատարանը վերջապես նշում է, որ CPT եզրակացությունները, բժշկական զեկույցը և վկաների հայտարարությունները հանդիսանում էին ապացույցների հարուստ աղբյուր: Հաշվի առնելով այդ նախնական վկայությունները, ինչպես նաև այն, ինչ հետևում է ներպետական դատարանների վճիռներից, պարզվում է, որ դատարանները չեն ունեցել շատ բարդ գործ թե փաստերի հաստատման, թե բարդ իրավական խնդիրներ լուծելու առումով: Սա հաստատվում է այն փաստով, որ մինչև 2001թ. նոյեմբեր դատախազությունն արդեն ավարտել էր քննությունը և գործն ուղարկել դատարան` դատականկարգով քննության առնելու համար (տես վերը` կետ 24):
- Դատարանը գտնում է, որ դաժան վերաբերմունքի հաստատման համար դիմողներին բժշկական զննության տանելը ուշացնելը, ինչպես նաև քրեական հետապնդում նախաձեռնելու ձգձգումը չեն համապատասխանում սահմանված արագ քննության պահանջին` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով:
Բ. Վատ վերաբերմունքի արգելման կանխարգելիչ ազդեցություն
- Դատարանը նշում է, որ Օկկալին ընդդեմ Թուրքիայի գործով (թիվ 52067/99, կետ 65, ECHR 2006 XII (քաղվածքներ), այն վճռել է. <<3-րդ հոդվածի ընթացակարգային պահանջները անցնում են նախաքննական փուլը, երբ ... հետաքննությունը տանում է դեպի իրավական գործողությունների ձեռնարկմանը ազգային դատարաններում. դատավարությունը, որպես ամբողջություն, ներառյալ դատական քննության փուլը, պետք է համապատասխանի 3-րդ հոդվածում ամրագրված արգելքների պահանջներին: Սա նշանակում է, որ ներպետական դատական մարմինները չպետք է ոչ մի դեպքում թույլ տան, որ ֆիզիկական կամ հոգեբանական խոշտանգումներ հասցնելու դեպքերը անպատիժ մնան: Սա կարևոր է իրենց հավատարմությունը օրենքի նկատմամբ ցուցաբերելու գործում հասարակության վստահությունը պահպանելու համար և կանխելու ցանկացած տեսակի դավաճանություն կամ հանդուրժողականություն անօրինական գործողությունների նկատմամբ (տես, mutatis muntandis, Ուներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի [GC], no. 48939/99, կետ 96, ECHR 2004 XII):
- Դատարանը նշում է, որ սույն գործում վատ վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրված երեք ոստիկաններին դատապարտել էին երեք տարի ազատազրկման և զրկել էին իրավապահ մարմիններում ծառայելու իրավունքից երկու տարի ժամկետով: Ազատազրկման այդ ժամկետը նվազագույնն էր, որ թույլատրում էր օրենքը (տես վերը` կետ 37): Դա պատիժ նշանակող ներպետական դատարանների որոշումն է, թե ինչ պատիժ սահմանեն, որ առավել նպատակահարմար լինի ապահովելու դատապարտման ուղղիչ և կանխարգելիչ ազդեցությունը: Դատարաններն այդպես էին վարվել սույն գործով, և բացատրում էին մեղմ պատիժը` մեջբերելով մեղադրյալների երիտասարդ տարիքը, նախկինում դատված չլինելու հանգամանքը և այն փաստը, որ նրանք ընտանիք ունեին, ինչպես նաև հասարակության կողմից ընկալվում էին որպես դրական կերպարներ (տես վերը` կետ 32): Համաձայն ներպետական օրենսդրության` դատարանները պետք է հաշվի առնեին, թե մեղմացնող, թե ծանրացնող հանգամանքները: Սակայն դատարանները լռել էին առկա մի շարք ծանրացուցիչ հանգամանքների առումով (ակնհայտորեն նշված Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածում, տես վերը` կետ 37): Մասնավորապես այն, որ սպաներից ոչ մեկը չէր զղջացել, ողջ դատավարության ընթացքում հերքելով իրենց կողմից ցուցաբերված որևէ վատ վերաբերմունքի դրսևորում:
- Դատարանը նաև նշում է, որ ոստիկանների նույնիսկ այդ նվազագույն պատիժը դադարեցվել էր մեկ տարի փորձաշրջանով, այնպես որ ոստիկանները բանտում ոչ մի ժամ չէին անցկացրել: Ավելին, քննության ընթացքում նրանց չէին զրկել իրենց պաշտոններից (հակառակ Ստամբուլի արձանագրությունների առաջարկություններում արված` տես վերը` կետ 43):
- Վերջապես և հավասարապես կարևոր կերպով, Դատարանը գտնում է, որ կանխարգելիչ ազդեցությունը, որ օրենսդրությամբ ընդունվել է մասնավորապես կանխելու խոշտանգումներ երևույթը, կարող է գործել, եթե այդ օրենսդրությունը կիրառելի է, այն դեպքերում, երբ հանգամանքները դա պահանջում են: Սույն գործում, CPT- ն պարզել է (տես` 2001թ. CPT զեկույցի 24-րդ կետը, վերը` կետ 41), որ 2001թ. հունիսի 14-ին բժշկական քննության ենթարկված անձին ծեծել էին` հարվածելով նրա ոտնաթաթերին (falaka), և նշել է, որ այդ նույն ժամանակահատվածում մեկ այլ անձ նույնպես ենթարկվել էր վատ վերաբերմունքի: Դատարանն արդեն պարզել է, որ այդ երկու անձինք դիմողներն էին (տես վերը` կետ 54): Դատարանը հիշեցնում է, որ մարդու ոտնաթաթերին հարվածելով նրան ծեծելը կամ ֆալական մի պրակտիկա է, որը միշտ էլ համարվել է կանխամտածված, և կարող է ընդունվել միայն որպես խոշտանգում (տես` Կորսակովը` կետ 65, և Լևինտան` կետ 71): Նման հանգամանքներում քրեական վարույթ նախաձեռնելու ձախողումը` քրեական օրենսգրքի (խոշտանգումների) հոդված 101/1-ի ներքո` առանց որևէ բացատրության, թե ինչու է ընտրվել իրավախախտման այլ տեսակ (ուժի չարաշահում), բավարար չէ ապահովելու օրենսդրության կանխարգելիչ հետևանքները, որ ընդունվել է մասնավորապես լուծելու վատ վերաբերմունքի վերաբերյալ առկա խնդիրը:
- Դատարանը նշում է նաև Ներքին գործերի նախարարության դիրքորոշումը, որը, նույնիսկ այն բանից հետո, երբ CPT-ն այցի ընթացքում տեղեկացել է դիմողների գործի մասին, հայտարարել է, որ <<տեղյակ չէ որևէ հստակ դեպքի, երբ ոստիկանության կողմից կալանավորված անձանց հարցաքննության ժամանակ նրանց նկատմամբ կիրառվեն անմարդկային մեթոդներ>> (տես վերը` կետ 41): Այնուհետև այն նշում է քննության ժամանակակից մեթոդները զարգացնելու ջանքերի բացակայությունը (տես վերը` կետ 42) և ոստիկանության համար էթիկայի կանոնագրքի ընդունման էական ձգձգումը (որն ընդունվել էր CPT-ի կողմից դրա վերաբերյալ պահանջից գրեթե չորս տարի անց, տես կետեր 38 և 41): Սա հաստատում է Մոլդովայի իրավասու մարմինների անկարողությունը վատ վերաբերմունքի պրակտիկան լիովին վերացնելու առումով, և հավելում է այն տպավորությունը, որ օրենսդրությունը, որ ընդունվել է կանխարգելելու և պատժելու վատ վերաբերմունքի գործողությունները, չունի լիարժեք կանխարգելիչ ազդեցություն:
գ.Եզրակացություն` դիմողների նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ մասնակից պետության պարտավորությունների վերաբերյալ
- Դատարանը եզրակացնում է, որ դիմողների հանդեպ վատ վերաբերմունքի առնչությամբ քննությունը չի եղել, <<արագ>> Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով: Այն նաև գտնում է, որ երեք ոստիկանների դեմ հարուցված վարույթը, այդ թվում` նշանակված պատժի մեղմությունը և մասնավորապես խոշտանգումների խնդրին ուղղված իրավական դրույթների համաձայն նրանց դատապարտման ձախողումը, չի ապահովում բավարար զսպող ազդեցություն` ապագայում նման արարքները կանխելու համար (տես Օկալին`վկայակոչված վերը` կետ 75): Այսպիսով, սույն գործում առկա է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
- Նման հանգամանքներում և անկախ այն բանից, թե դիմողները կդադարեցնեն պատճառված վնասի դիմաց պահանջը, թե` ոչ (տես` կետ 27), Դատարանը գտնում է, որ նրանք դեռ համարվում են տուժողներ` 3-րդ հոդվածի խախտմամբ: Հետևաբար, Կառավարության նախնական առարկությունը մերժվել է:
2. Կալանքի պայմանները
- Դատարանը նշում է, որ դիմողների նկարագրությունը` նրանց կալանքի վայրում պայմանների առումով, մեծամասամբ համապատասխանում է 2001- 2004թթ. ընկած ժամանակահատվածում Քիշնևի թիվ 13 բանտի վերաբերյալ CPT-ի զեկույցներին (արդյունքները նշված են, օրինակ` Բեցիևն ընդդեմ Մոլդովայի, no. 9190/03 գործում, կետեր 31-32, 4 հոկտեմբերի 2005թ.): Ըստ դիմողների` սա ևս չի վիճարկվում Կառավարության կողմից, նրանք պահվել են թիվ 3 բանտում մինչև 2004թ.: Դատարանը նշում է, որ, հետևաբար, դիմողներին առնվազն որոշակի ժամանակով կալանքի տակ պահել էին նույն պայմաններում, որոնք նկարագրված են վերոնշյալ Բեցիևի գործում: Ընդ որում, կալանքի պայմաններն այդ բանտում զգալիորեն չէին էլ բարելավվել, անգամ 2005թ.-ին (տես, օրինակ`Մոդարկան ընդդեմ Մոլդովայի գործում, no. 14437/05, կետեր 37, 38 և 60-69, 10 մայիսի 2007թ.):
- Քանի որ Դատարանը վերոնշյալ գործերում գտել է 3-րդ հոդվածի խախտում`կապված նույն բանտի հետ, և քանի որ պայմանների վերաբերյալ դիմողների նկարագրությունը հատկապես նույնն է և մասնակիորեն հաստատվել է նաև Կառավարության կողմից (կապված` գերբնակեցվածության հետ, տես վերը` կետ 63), ուստի` Դատարանը գտնում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` սույն գործով դիմողների կալանքի պայմանների վերաբերյալ:
- ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
- Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
<<Եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող Կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել>>:
Ա. Վնասը
- Դիմողները յուրաքանչյուրի համար պահանջել են 25.000 եվրո` ի հատուցումն իրենց կրած ոչ նյութական վնասի: Նրանք պնդել են, որ իրենց գործով կատարյալ արհամարհանք էր ցուցաբերել մարդու իրավունքների և օրենքի նկատմամբ` հանձինս ոստիկանների, և կոծկումն ու պատժի լիարժեք մեղմացումը` հանձինս քննիչների ու դատավորների, ովքեր քննել էին իրենց գործը` ընդդեմ այդ ոստիկանների: Ավելին, դիմողներին ոչ միայն խոշտանգել էին, այլ նաև նրանք կալանավայրում անցկացրել էին մի քանի տարի` անմարդկային ու մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում:
- Դատարանը գտնում է, որ դիմողներին պատճառվել էր որոշակի սթրես և անհանգստություն, քանի որ նրանց ենթարկել էին խոշտանգումների` ինքնախոստովանություն կորզելու նպատակով, ապա կալանքի տակ էին պահել անմարդկային պայմաններում, մինչդեռ ոստիկանները, ովքեր նրանց վատ էին վերաբերվել, երբևէ չէին ազատազրկվել կամ նույնիսկ չէին հեռացվել աշխատանքից ողջ քննության ընթացքում: Ոստիկանների հանդեպ կիրառված պատժամիջոցի մեղմությունը պետք է որ միայն ավելացրած լիներ դիմողների տառապանքները: Հաշվի առնելով գործի փաստերը և առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` Դատարանը որոշում է դիմողներին տրամադրել 15.000 եվրո յուրաքանչյուրին:
Բ. Ծախսեր և ծախքեր
- Դիմողները պահանջել են նաև 2.125 եվրո` Դատարանում իրենց կրած իրավական ծախսերի համար:
- Կառավարությունը վիճարկել է նշված գումարը և պնդում, որ այն չափազանց է:
- Դատարանը որոշել է դիմողներին` երկուսին միասին, տրամադրել 2.000 եվրո:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույք
- Դատարանը նպատակահարմար է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի վրա, որին պետք է ավելացվի երեքհարյուրերորդական տոկոս:
Այս հիմնավորմամբ դատարանը
- Բավարարում է Կառավարության նախնական առարկությունն այն մասին, որ դիմողները պետք է կորցնեն տուժողի/զոհի իրենց կարգավիճակը:
- Հայտարարում է ընդունելի 3-րդ հոդվածի ներքո բերած գանգատը, իսկ դիմումի մնացած մասը` անընդունելի:
- Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` դիմողների նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքի առումով, ինչպես նաև մասնակից պետության կողմից` դիմողների նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ քննություն սկսելու ընթացակարգային պարտականությունները կատարելիս և պատասխանատու անձանց նկատմամբ զսպող վճիռ կայացնելիս, ինչպես նաև կալանավայրում անմարդկային պայմանների կապակցությամբ:
- Մերժում է Կառավարության նախնական առարկությունը:
- Վճռում է, որ
(ա) Պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավճիռը կայացնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով հաշվարկված պետք է
(i) դիողներին` յուրաքանչյուրին, վճարի 15.000 եվրոյին (տասնհինգ հազար եվրո) համարժեք մոլդովական լեի` ավելացված նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր հարկերը` որպես ոչ նյութական վնասի հատուցում,
(ii) 2.000 եվրո (երկու հազար եվրո) երկուսին միասին` ի հատուցումն նրանց ծախսերի`ավելացված ծախսերին վերաբերող նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր հարկերը.
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեքհարյուրերորդական տոկոս:
- Մերժում է դիմողների արդարացի փոխհատուցման պահանջի մնացյալ մասը:
Կատարված է անգլերեն, ծանուցվել է գրավոր 2009թ. հոկտեմբերի 20-ին` համաձայն Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Լոուրենս Էռլի Նիկոլաս Բրատցա
Քարտուղար Նախագահ