«Մելտեքս» ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի
Գործի համարը. 32283/04
Վճիռը կայացվել է. 17.06.2008
Ուժի մեջ է մտել. 17.09.2008
Պաշտոնապես
Հրապարակվել է. ՀՀՊՏ 2009.02.11/8(674)
Փաստերը
1991 թվականին «Մելտեքս» ՍՊԸ-ն հիմնադրել է «Ա1+» հեռուստաընկերությունը, որը համարվում է առաջին անկախ հեռուստաընկերությունը Հայաստանի Հանրապետությունում: Մինչև 2002 թվականը գործել է թիվ 37 հաճախականության տիրույթում՝ հեռարձակման արտոնագրի հիման վրա: 2002 թվականի ապրիլին ընկերությունը զրկվել է արտոնագրից, քանի որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմակերպած մրցույթում պարտվել է մրցակից ընկերությանը: 2003 թվականի ընթացքում ընկերությունը մասնակցել է յոթ լիցենզավորման մրցույթների տարբեր հաճախականության տիրույթներում, սակայն բոլոր մրցույթներում ՀՌԱՀ-ի որոշումներով համարվել է պարտված: Բոլոր մրցույթներում ՀՌԱՀ-ը հրաժարվել է ընկերությանը տրամադրել լիցենզիայի դիմումները մերժելու մասին առանձին որոշումներ: ՀՌԱՀ-ը բավարարվել է միայն հաղթող կազմակերպության վերաբերյալ կայացրած իր որոշման պատճենն ընկերությանը ուղարկելով՝ պատճառաբանելով, որ այդ որոշումը միաժամանակ հանդիսանում է նաև լիցենզիան մերժելու մասին որոշում, որի մեջ, սակայն որևէ պատճառաբանություն չի տրամադրվել: Ընկերությունը ներպետական դատարաններում վիճարկել է մրցույթի անցկացման օրինականության հետ կապված բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև որոշումները չպատճառաբանելու ՀՌԱՀ-ի պրակտիկայի օրինականության հարցը «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիմքերով: Ընկերության բոլոր դիմումները մերժվել են դատարանների կողմից:
Դատարանի որոշումը
Եվրոպական դատարանը որոշել է, որ արտոնագրման այն ընթացակարգը, որով արտոնագրող մարմինը չի պատճառաբանում իր որոշումները, պետական մարմնի կողմից խոսքի ազատության հիմնարար իրավունքին կամայական միջամտություններից բավարար պաշտպանություն չի ապահովում: Հետևաբար, արտոնագիր տրամադրելու թվով յոթ մերժումները չեն բավարարել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված օրինականության պահանջը: Արդարացի փոխհատուցման մասով Դատարանը սահմանել է 20,000 եվրո ոչ նյութական վնասի և 10,000 եվրո դատական ծախսերի ու ծախքերի դիմաց: