«Պայքար և hաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի
Գործի համարը. 21638/03
Վճիռը կայացվել է. 20.12.2007
Ուժի մեջ է մտել. 02.06.2008
Պաշտոնապես
Հրապարակվել է. ՀՀՊՏ 2009.02.11/8(674)
Փաստերը
2001թվականի հունվարի 29-ին Հարկային պետական ծառայությունը ստուգումներ է կատարել «Պայքար և hաղթանակ» ՍՊԸ-ում, որի հիման վրա 2001թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ պետական եկամուտների նախարարությունը կատարել է գնահատում, ըստ գնահատման` ընկերության հարկային պարտքը կազմել է 3,797,281 ՀՀ դրամ (մոտ 5,400 եվրո)` ներառյալ համապատասխան հարկային օրենքներով սահմանված տույժերը և տուգանքները: Երևան քաղաքի դատախազությունը և Երևանի Մյասնիկյանի տարածքային հարկային տեսչությունը հայց են ներկայացրել ընկերության նշված հարկային պարտքի գումարը բռնագանձելու նպատակով` պնդելով, որ այն ժամանակին և պատշաճ ձևով ընկերությունը չի կատարել իր հարկային պարտավորությունները: 2001թ.-ի հուլիսի 13-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել ընկերության դեմ: Ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ ժամանակ գործող ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարան: Ընկերությունը խնդրել է նաև դատարանի պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգել: 2001թ.-ի օգոստոսի 31-ին ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը բավարարել է ընկերության՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու միջնորդությունը և վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ: 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին Հայաստանում տեղի ունեցած դատական համակարգի բարեփոխման արդյունքում ստեղծվել է ՀՀ տնտեսական դատարանը, որտեղ էլ քննության է ուղարկվել ընկերության գործը: 2001թ.-ի դեկտեմբերի 24-ին ՀՀ տնտեսական դատարանը դատախազի դիմումի հիման վրա որոշել է հայցի բավարարման միջոց կիրառել` արգելանք դնելով ընկերության գույքի ու դրամական միջոցների վրա 3,797,281 ՀՀ դրամի չափով: Ընկերությունը ՀՀ տնտեսական դատարան է ներկայացրել հակընդդեմ հայց` փորձելով անօրինական ճանաչել 2001թ.-ի ապրիլի 2-ի որոշումը: Դիմումատու ընկերությունը դիմել է պետական տուրքի վճարումը նույն հիմքով հետաձգելու խնդրանքով: 2002թ.-ի հունվարի 18-ին ՀՀ տնտեսական դատարանը բավարարել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին դիմումատու ընկերության միջնորդությունը և վարույթ է ընդունել ընկերության հակընդդեմ հայցը: 2003թ.-ի հունվարի 20-ին ՀՀ տնտեսական դատարանը բավարարել է իշխանությունների հայցը և մերժել դիմումատու ընկերության հայցը: 2003թ.-ի փետրվարի 3-ին ընկերությունը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի հետ մեկտեղ միջնորդել է հետաձգել պետական տուրքի վճարումը` պնդելով, որ ընկերությունն ունի ֆինանսական խնդիրներ, մասնավորապես, որ իր բանկային հաշվին ունի միայն 770 ՀՀ դրամ: 2003թ.-ի փետրվարի 14-ի նամակով ՀՀ վճռաբեկ դատարանը տեղեկացրել է ընկերությանը, որ վերջինիս վճռաբեկ բողոքը քննության է առնվելու 2003թ.-ի փետրվարի 28-ին, սակայն նամակում նշվել է, որ բողոքը կթողնվի առանց քննության, եթե մինչև 2003թ.-ի փետրվարի 24-ը ընկերությունը չվճարի պետական տուրքը: 2003թ.-ի փետրվարի 27-ի նամակով ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է ընկերության վճռաբեկ բողոքը պետական տուրքը վճարված չլինելու պատճառաբանությամբ: 2003թ.-ի մարտի 25-ին կատարողական վարույթ է հարուցվել ընկերության նկատմամբ, և վերջինիս գույքի վրա արգելանք է դրվել: 2004թ.-ի ապրիլի 22-ին ՀՀ տնտեսական դատարանը սնանկության վարույթ է հարուցել՝ Հարկային ծառայության հայցի հիման վրա: 2004թ.-ի մայիսի 20-ին ՀՀ տնտեսական դատարանը որոշում է կայացրել կասեցնել այդ վարույթը մինչև դիմումատու ընկերության կողմից Եվրոպական դատարան ներկայացված դիմումի առնչությամբ որոշում կայացվելը: Եվրոպական դատարանի կողմից վճռի կայացման պահին սնանկության վարույթը եղել է կասեցված վիճակում: Արդարացի փոխհատուցման մասով Դատարանը սահմանել է 1,200 եվրո ոչ նյութական և 25 եվրո դատական ծախսերի ու ծախքերի դիմաց:
Դատարանի որոշումը
Պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում ըստ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի: Սակայն, այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից, ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար, թե արդյոք անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով, թե` ոչ: Հետևաբար, անհրաժեշտ է քննել, թե արդյոք պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին ընկերության դիմումը մերժելով` ՀՀ վճռաբեկ դատարանը հաշվի է առել ընկերության գործի հատուկ հանգամանքները, մասնավորապես՝ նրա վճարելու ունակությունը: Գործի փաստերից երևում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը չի քննել պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին դիմումատու ընկերության միջնորդությունը, որում դիմումատու ընկերությունը փաստարկներ էր ներկայացրել վճարելու իր անկարողության վերաբերյալ: Այդ պատճառով ՀՀ վճռաբեկ դատարանը հստակ տեղեկացված չէր դիմումատու ընկերության ֆինանսական դրության մասին: Հետևաբար, խախտվել է ընկերության` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատարանի մատչելիության իրավունքը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասին, որի վրա էլ հիմնվել է վճռաբեկ դատարանը դիմումը մերժելիս, ապա նշված նորմը հստակորեն արգելում է առևտրային կազմակերպություններին ազատել պետական տուրքի վճարումից և այդ իմաստով Վճռաբեկ դատարանին լիազորություն չէր տալիս գնահատելու ընկերության վճարելու ունակությունը: Նշվածի առումով դատարանն արձանագրել է, որ դա ինքնին խնդիր է առաջացնում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ կապված: